Հոկտեմբերի 7-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում Ազգային ժողովի, կառավարության, պաշտպանության և ՀՀ կրթության ու գիտության նախարարությունների և ՀՀԿ կանանց խորհրդի մասնակցությամբ ՈՒսուցչի տոնի կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որի նպատակն էր պարգևատրել ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից հերոսների ուսուցիչներին: Միջոցառմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի սաները:
Ողջունելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մանկավարժներին ու շնորհավորելով նրանց մասնագիտական տոնը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշել է. «Տարին մեկ անգամ մենք խորին երախտագիտությամբ, խոնարհումով ու ոգեշնչմամբ նշում ենք ՈՒսուցչի տոնը, որը մեր ժողովրդի համար ամենասիրված տոներից մեկն է, գալիս ենք մեծարելու ձեզ և ասելու այն բոլոր խոսքերը, որ իմ կարծիքով ամեն օր պիտի ասվեն, որովհետև դուք ուսուցիչ եք ամեն օր ու նաև ամեն տեղ: Իրականում, ՈՒսուցչի տոնը ճիշտ այնքան պատմություն ունի, որքան հայոց գրերը, որովհետև Հայոց աշխարհի առաջին ուսուցիչը եղել ու մնում է Մեսրոպ Մաշտոցը, և մենք բոլորս նրա աշակերտներն ենք:
ՈՒ եթե ուսուցչի տոնը հազարամյակների խորքից է գալիս, ուրեմն մենք պարզապես իրավունք չունենք չասելու, որ հայոց ուսուցիչը նաև զինվոր է եղել հազարամյակների մեջ՝ պահելով ոչ միայն հայոց գրերը, այլև երկիրը, որ չի ունեցել պետականություն, որ մենք աշխարհում ամենից շատ մայրաքաղաքներն ենք ունեցել, որովհետև թշնամին միշտ ավերել է մեր տունը, բայց միշտ պահպանել ենք ոգին ու իմացության ծարավը: Ձեր շնորհիվ, որ գիտելիքի հետ ու գիտելիքից առաջ ձեր սաներին սովորեցրել եք հայրենիքը սիրել, հայրենիքը պաշտպանել ու հայրենիքը կյանքից առաջ ու վեր դասել: Այսօր մեզ հետ են ապրիլյան պատերազմի հերոսների ուսուցիչները և դա հատկապես կարևոր է դարձնում մեր հանդիսությունը: Նրանք նաև ձեր զավակներն են, ու նաև ձեզ պիտի շնորհակալ լինենք, որ կարողացել եք այդպիսի որդիներ պարգևել հայրենիքին:
Իրենց մայրերի ու հարազատների հետ նաև ձեր ցավը պիտի ամոքենք նրանց կորստի համար, որովհետև դուք մանկությունից եղել եք նրանց կողքին՝ կրթության հետ միասին նաև ազգային բովանդակություն ու ազգային ոգի սերմանելով:
Այսպես նաև կերտելով մեր երկրի ապագա քաղաքական գործիչն ու որմնադիրը, հողագործն ու ճարտարապետը, բանվորն ու ինժեները, մշակույթի գործիչն ու հայրենիքի պաշտպան զինվորն ու սպան:
Հայաստանի անկախացման և Արցախյան ազատամարտի հաղթանակից հետո, մեր ժողովուրդն ունեցավ նաև ապրիլյան հաղթանակը և հպարտորեն կարող ենք ասել, որ հայոց դպրոցը պատվով ու փառքով հանձնեց մեր բազմադարյան պատմության ամենակարևոր քննությունը. ազգի նվիրյալ հերոսներ դաստիարակելու քննությունը:
Սա է մեր դպրոցի և մեր ուսուցչի մեծագույն պատմական հաղթանակը:
Այն պարգևները, որ այսօր հանձնելու են ձեզ, Ազգային ժողովի, վարչապետի, պաշտպանության նախարարության, կրթության և գիտութան նախարարության անունից, ընդունեք իբրև ամբողջ ժողովրդի, պետության կողմից շնորհակալություն ու ձեր աշխատանքի արժևորում: Շնորհավորում եմ, մաղթում եմ նախ և առաջ խաղաղություն, հետո բեղմնավոր աշխատանք: Թող ձեր կյանքում միշտ հնչի դասի կանչող զանգը, և ձեր ու ձեր սաների կյանքի գրատախտակին գրվեն միայն լուսավոր բառեր»: Ողջույնի և շնորհավորանքի խոսքերով հանդես են եկել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Պնախարար Վիգեն Սարգսյանը: Նրանք կարևորել են աշակերտ-ուսուցիչ-բանակ ամուր կապը: Երևանի և մարզերի, Արցախի բազմաթիվ մանկավարժներ պարգևատրվել են ԱԺ նախագահի և վարչապետի հուշամեդալներով, ԿԳՆ ոսկե հուշամեդալով, ՊՆ հուշամեդալով, Մարշալ Բաղրամյան, Անդրանիկ Օզանյան, Դրաստամատ Կանայան մեդալներով և խրախուսական նվերներով: Պարգևները հանձնել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Պնախարար Վիգեն Սարգսյանը: